ԵՄ-ի հատուկ հանձնաժողովն առաջարկում է դատարան ստեղծել Կոսովոյում կատարված հանցագործությունները քննելու համար
Աշխարհ
1998-1999 թվականներին Կոսովոյում կատարված հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող Եվրամիության հատուկ հանձնաժողովն էթնիկական զտումների և մարդու օրգանների առևտրի ապացույցներ է գտել և կոչ է արել մարդկության դեմ կատարված հանցագործությունների փաստերի հիման վրա գործեր հարուցել Կոսովոյի ազատագրման բանակի նախկին բարձրաստիճան անդամների դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Եվրամիության դատախազ Քլինթ Ուիլյամսոնի խոսքով՝ եռամյա հետաքննության ընթացքում հաջողվել է էթնիկական զտումների ապացույցներ գտնել, որոնք հակամարտության ընթացքում իրականացվել են կոսովցի սերբերի, գնչուների և մյուս փոքրամասնությունների նկատմամբ:
Հանձնաժողովին արդեն հաջողվել է գտնել մարդկային օրգանների վաճառքի տասնյակ դեպքերի հաստատումներ:
Հանձնաժողովի աշխատանքն սկսվել է այն բանից հետո, երբ չորս տարի առաջ Եվրոպայի խորհուրդը զեկույց հրապարակեց, որի համաձայն՝ Կոսովոյի նախկին ղեկավարները, ներառյալ նախկին վարչապետ Հաշիմ Թաչին, մարդկային օրգանների առևտրի մասնակից են եղել: Նրանք իրենք մերժում էին բոլոր մեղադրանքները:
Հանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է արել՝ դատարան հիմնել և դատավարություն սկսել այդ հանցագործությունների համար մեղավորների նկատմամբ: Դրա անհրաժեշտությունը նա բացատրել է նրանով, որ այժմ կասկածյալների վրա չի տարածվում Հաագայի դատարանի և Միջազգային քրեական դատարանի իրավասությունը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան