Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը՝ Թուրքիայում ընթացող Գրան պրիի բրոնզե մեդալակիր
Սպորտ
Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին:
Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր: Հայ ձյուդոյիստը նախ առավելության է հասել սերբ Մարկո Վուկիչևիչի նկատմամբ, այնուհետև հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գժակովային, սակայն քառորդ եզրափակչում զիջել է կորեացի Լիմհան Քիմին և շարունակել է պայքարը սփոփիչ գոտեմարտերում, որտեղ առավելության է հասել ռուսաստանցի Անզաուր Արդանովի և Յակուբ Շամիլովի նկատմամբ:
52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան առաջին իսկ մրցամարտում ցավալի պարտություն է կրել նաև 73 կգ քաշային ձյուդոյիստ Արսեն Ղազարյանը՝ դուրս մնալով հետագա պայքարից:
81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանն էլ չնայած առաջին մրցամարտում հաղթել է Իսլանդիայի ներկայացուցիչ Սվեյնբյորն Այուրային, սակայն հաջորդ իսկ գոտեմարտում պարտվել է հունգարացի Լասլո Ցսոկնիային:
Այսպիսով՝ Հայաստանի՝ Թուրքիա մեկնած ներկայացուցչական պատվիրակությունն ավարտել է իր մրցելույթներն ընդամենը մեկ՝ բրոնզե մեդալով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու