Սասուն Միքայելյանը վիրավորված չէ Սեյրան Օհանյանից
Քաղաքական
«Եթե ես էլ գնայի ինչ-որ տեղ քարոզարշավի, ես էլ կգնայի Սեյրան Օհանյանի շտաբ: Ես քաղաքականության մեջ մտնելով ոչ կարամ իմ անցյալը ջնջեմ, ոչ էլ այդ մարդն եմ, որ ջնջեմ: Մենք Սեյրան Օհանյանի հետ երկար ճանապարհ ենք անցել և անկախ քաղաքական հայացքներից, շատերի հետ պահում եմ և կպահեմ իմ հարաբերությունները»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԼՔ դաշինքից թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում Սեյրան Օհանյանի՝ իր շտաբ այցելելուն:
Նա ընդգծեց՝ իր մոտ վիրավորանք չկա. «Երբ ես կալանավայրում եմ եղել, իմ տղային տարել են բանակ և Սեյրան Օհանյանը իրեն նորմալ է պահել: Մենք ոչ թե քաղաքական հայացքներով ենք մտերմացել, այլ մարտի դաշտում, որտեղ կյանքեր են դրվում»,- ավելացրեց նա:
Սասուն Միքայելյանն ասաց, որ ԵԼՔ-ը չի խոչընդոտի և արգելանք չի լինի երկրում ինչ-որ բան փոխելուն և ընտրություններից հետո կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք իրենց կդրսևորեն քարոզարշավի ընթացքում և ցույց կտան, թե ուր են ուզում տանել ժողովրդին. «Այն ուժերը, որ եղել են իշխանության մաս, կամ այն ուժերը, որ նոր են մտել քաղաքական դաշտ և ըմբոստացել են իշխանության դեմ, ուզում են ինչ–որ բան փոխել՝ ես ողջունում եմ այդ անձանց և ուժերին, որովհետև երկրում հիմա ծանր վիճակ է: Ոչ մի կուսակցություն չի կարող մենակ իշխանափոխություն անել, համակարգային փոփոխություն անել, ուժ է պետք, որ իշխանությունը հասկանա, որ իր զինանոցը դատարկ է, որ իրեն սպառել է, ոչ մի իշխանություն հավերժ չէ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում