Էդուարդ Շարմազանովը՝ այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու մասին
Քաղաքական
Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Ապրիլի 3- ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Արդեն ապրիլի 3-ն է, ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ: Կարող ենք շնորհավորել մեր հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին, որ ՀՀ-ին հաջողվեց նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս հաջողությունն է, և անկախ նրանից, թե քանի դաշինք ու կուսակցություն կլինի, ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում անքննելի փաստ է, բազմակարծության ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհով է գնում Հայաստանը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց, որ արդեն ստացվում են առաջին տվյալները, և տենդենցը բավական դրական է ՀՀԿ-ի համար: «Կան էքզիթ փոլի տվյալները, և անվիճելի է, որ ՀՀԿ-ն ընտրական մարաթոնի առաջամարտիկն է»,- նշեց Շարմազանովը:
Անդրադառալով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Արամ Մանուկյանի կամ այլ քաղաքական գործիչների հայտարարություններին, թե զարմանալի է, որ այսքան շատ է եղել մասնակցությունն ընտրություններին, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Ինձ համար անհասկանալի են հարգելի պարոն Արամ Մանուկյանի նման հայտարարության դրդապատճառները: Ընդամենը առավոտյան ու երեկ երեկոյան նրանց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավաստիացնում էր, որ գործնականում անհնար է նման ընտրական օրենսգրքով որևէ կեղծիք: Խնդրում եմ հայտարարություն անելուց առաջ ուշադիր հետևել իրենց քաղ աքական ուժի ղեկավարների արած հայտարարություններին: Այս Ընտրական օրենսգիրքը զրոյի է հասցնում ամեն մի միջամտություն»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը: Նա նշեց, որ չի ցանկանում շտապել, սակայն նախնական տվյալներով ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը կառավարություն ձևավորելու համար: Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի հետ գործընկերային հարաբերությունները երկարաժամկետ են և ռազմավարական:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում