ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկան
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության զարգացման համար աշխարհագրական սահմանափակումներ չկան։ Նրա խոսքով՝ Իրանը շարունակելու է կատարելագործել հրթիռային կարողությունները՝ ելնելով երկրի կարիքներից և ռազմական հնարավորություններից։
Այս մասին Վահիդին հայտարարել է նոյեմբերի 24-ին կայացած միջոցառման ընթացքում։ Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ հրամանատարը զգուշացրել է, որ Իրանի դեմ հնարավոր նոր պատերազմը պարտադիր չէ, որ սահմանափակվի Մերձավոր Արևելքով։
«Ապագա պատերազմը պարտադիր չէ, որ սահմանափակվի տարածաշրջանով։ Մեր հնարավորությունները կընդլայնվեն՝ համապատասխան մեր կարիքներին և կարողություններին»,– հայտարարել է Վահիդին։
ԻՀՊԿ հրամանատարը նաև պնդել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են հնարավոր ռազմական գործողություններին և վերջին շրջանում զգալիորեն զարգացրել են իրենց օպերատիվ կարողությունները։
Վահիդին քննադատել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը փորձում է վերահսկողություն հաստատել տարածաշրջանի երկրների նկատմամբ և օգտագործել նրանց ռեսուրսները։ Նա կոչ է արել հարևան պետություններին վերանայել անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը