Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի ցամաքային շրջափակումը գործնականում անհնար է՝ հաշվի առնելով Իրանի տարածքի մեծությունը, սահմանամերձ նահանգների հնարավորությունները և հարևան պետությունների հետ առկա տնտեսական, պատմական ու մշակութային կապերը։
Նոյեմբերի 23-ին Թեհրանում, ԱԳՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումից հետո, Արաղչին նշել է, որ Իրանի սահմանամերձ շրջաններն ունեն բավարար ներուժ՝ պահպանելու և ընդլայնելու առևտրային կապերը հարևան երկրների հետ։ Նրա խոսքով՝ սահմանային բնակչության միջև ձևավորված հարաբերությունները և ակտիվ տեղաշարժը կարող են օգնել բացել այն ճանապարհները, որոնք հակառակորդները փորձում են փակել։
Իրանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ երկրի ԱԳՆ տարածքային գրասենյակներին և արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարվել է հարևան պետությունների հետ նոր տնտեսական հնարավորություններ գտնել, աշխատել տեղական իշխանությունների և գործարար շրջանակների հետ ու ընդլայնել առևտրային համագործակցությունը։
Արաղչիի խոսքով՝ Իրանի հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի այնպիսի տնտեսական դիմակայունության ձևավորումը, որի պայմաններում արտաքին պատժամիջոցները չեն կարողանա հասնել իրենց նպատակներին։ Նա ընդգծել է, որ ճնշմանը հակազդելու լավագույն միջոցը պատժամիջոցներ կիրառող երկրներին համոզելն է, որ այդ գործիքը չի գործում։ Միաժամանակ նախարարը նշել է, որ դիվանագիտական աշխատանքը նույնպես շարունակվում է՝ պատժամիջոցների վերացման հնարավորություններ գտնելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը