Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Գազայի հատվածում իրականացված ավիահարվածի հետևանքով սպանել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավար Նաիմ Աբու Նահելին։
Համատեղ հայտարարության համաձայն՝ հարվածը հասցվել է Գազա քաղաքի արևմտյան հատվածում։ Նեթանյահուն և Կացը շնորհավորել են Իսրայելի զինված ուժերին և «Շին Բեթ» ներքին անվտանգության ծառայությանը՝ գործողության իրականացման համար՝ ընդգծելով, որ Իսրայելը շարունակելու է հետապնդել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Նաիմ Աբու Նահելը զբաղեցնում էր ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության կառույցի ղեկավարի պաշտոնը։ Իսրայելի զինվորականների պնդմամբ՝ այդ գաղտնի կառույցը պատասխանատու է եղել շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության, նրանց միջև հաղորդակցության կազմակերպման, հանդիպումների համակարգման և արտակարգ վայրեր տեղափոխման համար։ Այն նաև հետախուզական տվյալներ է հավաքել և գնահատականներ ներկայացրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Աբու Նահելի սպանությունը հաստատել են նաև ՀԱՄԱՍ-ի աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ նա զոհվել է նոյեմբերի 24-ին՝ Գազա քաղաքի արևմտյան հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Իսրայելի բանակն ու «Շին Բեթը» սկզբնական հայտարարության մեջ թիրախավորված անձի անունը չէին հրապարակել։
Նշվում է, որ Աբու Նահելը պաշտոնը ստանձնել էր այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Մուեին ալ-Արաբիդը, երեք ամիս առաջ ձերբակալվել էր իսրայելական ուժերի կողմից։ Այսպիսով, Իսրայելը հերթական հարվածն է հասցրել ՀԱՄԱՍ-ի անվտանգության բարձրագույն օղակին։
Միաժամանակ Reuters-ը հայտնում է, որ նոյեմբերի 24-ին Գազայի հատվածում իսրայելական այլ հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ առնվազն յոթ մարդ է զոհվել։ Նրանց թվում են Աբու Նահելը և երկու ոստիկաններ։
Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին ուժի մեջ մտած հրադադարի պայմանավորվածությունների ֆոնին։ Չնայած խոշոր մարտական գործողությունների դադարեցմանը՝ Գազայում շարունակվում են փոխադարձ մեղադրանքներն ու ռազմական միջադեպերը, իսկ հրադադարի պահպանման շուրջ տարաձայնությունները չեն վերացել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը