Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը
Աշխարհ
Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է 33 և 50 տարեկան երկու տղամարդկանց, որոնք հրապարակայնորեն դրական են արտահայտվել Կրակովում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման վերաբերյալ։ Նրանց ինքնությունը պարզվել է ոստիկանության օպերատիվ աշխատանքի և քաղաքացիների հաղորդումների շնորհիվ։ Այս մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Լեհաստանի ոստիկանությունը։
Ոստիկանության տվյալներով՝ առաջին միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին Կրակովում իրականացված հարձակումից մի քանի օր անց։ 33-ամյա տղամարդը հասարակական վայրում հավանություն է տվել ահաբեկչությանը և զրույցի ընթացքում հայտարարել, որ պատրաստվում է զենք գնել։ Նրա խոսքերը մտահոգել են ներկաներին, որոնք այդ մասին տեղեկացրել են իրավապահներին։ Ոստիկանները պարզել են, որ նա Կրակովի բնակիչ է, և ձերբակալել նրան։
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ Մատեյկոյի հրապարակում։ Այդ վայրում մարդիկ հավաքվել էին՝ հարգանքի տուրք մատուցելու հարձակման զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով և մոմեր վառելով։ Այդ ընթացքում հեծանիվով հրապարակ է ժամանել 50-ամյա տղամարդը, որը հրապարակայնորեն հավանություն է տվել տեղի ունեցածին՝ հայտարարելով, թե նման իրադարձությունն անհրաժեշտ էր։ Ներկաները կտրուկ արձագանքել են նրա խոսքերին, ինչից հետո տղամարդը հեռացել է։
Ոստիկանները ուսումնասիրել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, պարզել նրա ինքնությունը և ձերբակալել։ Երկու տղամարդիկ պետք է ներկայացվեին Կրակովի շրջանային դատախազություն՝ մեղադրանքներ առաջադրելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը