Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները
Աշխարհ
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են լայնածավալ անօդաչու թռչող սարքերով հարձակումները՝ թիրախավորելով ռազմական, արդյունաբերական, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Նոյեմբերի 24-ի դրությամբ Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է 9 մարդ, ևս 77-ը վիրավորվել են։ Տուժածների թվում կան երեխաներ, այդ թվում՝ մեկ տարեկանից փոքր երեխա։ Այս մասին հաղորդել է Kyiv Independent-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ամենածանր հարվածներից մեկը հասցվել է Զապորոժիե քաղաքին։ Ռուսական հարձակման հետևանքով մասնակիորեն ավերվել է հինգհարկանի բնակելի շենքը։ Մարզպետ Միխայիլո Սեմիկինի տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, 44-ը վիրավորվել են, այդ թվում՝ չորս երեխա։ Փրկարարները շարունակել են որոնողափրկարարական աշխատանքները՝ փլատակների տակ հնարավոր մնացած մարդկանց հայտնաբերելու համար։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը նոյեմբերի 24-ի գիշերը երկրի ուղղությամբ արձակել է 96 անօդաչու սարք, որոնցից 73-ը խոցվել կամ չեզոքացվել են։
Միաժամանակ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ռուսական կողմը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները որսացել կամ ոչնչացրել են 699 ուկրաինական անօդաչու սարք, որոնցից 355-ը, ըստ Մոսկվայի, ուղղվել են Մոսկվայի մարզի ուղղությամբ։ Ռուսաստանի իշխանությունները այդ հարձակումների հետևանքով զոհերի մասին չեն հայտնել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը