Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ալի Կադիրովը, Սերբիայի քաղաքացիություն է ստացել «Ալի Ռամզանովիչ Մուսաև» անունով։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (FBK)՝ ուսումնասիրելով Սերբիայի պաշտոնական պետական տեղեկագրում հրապարակված որոշումը։
Հետաքննության համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 10-ին Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը ստորագրել է 18-ամյա Ալի Մուսաևին քաղաքացիություն շնորհելու որոշումը՝ «հատուկ ծառայությունների» հիմքով։ Փաստաթղթում նշված են ծննդյան նույն ամսաթիվն ու վայրը, որոնք համապատասխանում են Ռամզան Կադիրովի որդու տվյալներին։ Նա ծնվել է 2006 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Չեչնիայի Ցենտարոյ բնակավայրում։
FBK-ի հետաքննիչների պնդմամբ՝ Սերբիայի քաղաքացիություն ստացած Ալի Մուսաև անունով անձը իրականում գոյություն չունի, և այդ անունով փաստաթղթերը պատկանում են Ալի Կադիրովին։ Հիմնադրամը նաև պարզել է, որ Կադիրովի ընտանիքի մի շարք անդամներ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ օգտվում են Մուսաև ազգանունով փաստաթղթերից։
Հետաքննության տվյալներով՝ Ալի Կադիրովը այդ անունով ավելի քան 100 անգամ մեկնել է արտասահման՝ հիմնականում Դուբայ։ Ուղևորությունների մեծ մասն իրականացվել է մասնավոր ինքնաթիռներով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը