Ինչու Գևորգ Գորգիսյանը դեմ քվեարկեց Քաղաքացու օրվան
Քաղաքական
«Ես կարծում եմ, որ կառավարությունը և առհասարակ ցանկացած իշխանություն, ինքը չէ, որ պիտի իր արարքները և ձեռքբերումները գնահատի: Ձեռքբերումները և կատարված աշխատանքները գնահատելու համար նաև որոշ ժամանակ է պետք»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` անդրադառնալով Քաղաքացու օրվան:
Հարցին, թե ինչու նա դեմ քվեարկեց այդ օրը որպես տոն ընդունելուն, Գորգիսյանը պատասխանեց. «Մենք անունը դրել ենք «Քաղաքացու օր» բայց, իրականում, սա ավելի շատ նշվելու է որպես հեղափոխության օր: Դրա համար դեռ մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի մենք հասցնենք իրական փոփոխություններ, իրական ձեռքբերումներ տեսնենք, հետո միայն այդ օրը դարձնենք տոն և նշելու առիթ ունենանք»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:
Այն նկատառմանը, թե արդյո՞ք իր՝ դեմ քվեարկելը կապ ունի նաև իշխանական տարբեր պատգամավորների կողմից նախկինում հնչեցրած այն կարծիքների հետ, թե այդ օրը Հանրապետական կուսակցության անդամներին կամ հեղափոխության մեջ մասնակցություն չունեցողներին չի վերաբերում, պատգամավորն արձագանքեց. «Ճիշտն ասած, սա մեզ համար այնքան էլ օրակարգային հարց չի եղել և չեմ էլ մտածել սրա շուրջ: Հաշվի առնելով նաև այդ մոտեցումը՝ իրականում հենց նաև «Իմ քայլի» պատգամավորները Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնում էին կարծիք, որ կարելի է «Քաղաքացու օրը» նշել Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը կամ պարոն Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը, այսինքն, սա հստակ քաղաքական գործընթաց է, այլ ոչ թե քաղաքացու օր: Ամեն դեպքում, թեկուզ որպես քաղաքական գործառույթի օր, մեզ փոփոխությունները, ձեռքբերումները արժևորելու համար ժամանակ է պետք: Պետք է նախ և առաջ հասկանալ, թե ինչ ենք ստացել, ինչ ենք կառուցել, որովհետև, ի վերջո, ավելի կարևոր է այն, թե ինչ է կառուցվել, քան այն, թե ինչ է քանդվել: Քաղաքացիների համար կան դեռ խնդիրներ, կան սպասելիքներ, որոնք դեռ չեն իրականացել»,-եզրափակեց Գորգիսյանը` ընդգծելով, որ ինքը տոներին բնավ դեմ չէ, բայց պետք է դրանց առիթներն իրականում լինեն, և հիմա պետք է կառուցել, որպեսզի դա նշելու համար առանձնահատուկ օր ունենանք:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան