Արարար Միրզոյանը խորհուրդ չի տալիս անլուրջ վերաբերվել «Իմ քայլը» խմբակցությանը
Քաղաքական
«Անհանդուրժողականության մթնոլորտ խորհրդարանում ընդհանրապես չկա, ընդհակառակը խնդիրները փորձում ենք հանդարտեցնել և երբեմն տպավորություն կարող է լինել, որ ավելի բուռն քննարկումների կարիք կար, բայց զսպվածություն կա բոլորի կողմից»,- այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ լարվածություն կա և դա պայմանավորված է նրանով, որ իրենք շատ հարցեր ու խնդիրներ դիպուկ բարձրաձայնում են և իրենց մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե կոալիցիոն ընկերներ եք, ուրեմն չարվող քայլերի կամ սխալ քայլերի մասին պիտի ընդդիմությունը լռեր, Արարատ Միրզոյանն արձագանքեց.«Մենք երբևէ նման ակնկալիք «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներից չենք ունեցել, նման պահանջ կամ խնդրանք իրենց չի ներկայացվել: Իրենք բոլորովին ազատ են իրենց գործողությունների մեջ հենց այնպես, ինչպես որ պիտի լիներ»։
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ ընդդիմության բազմաթիվ առաջարկներ ստացել են դրական եզրակացություններ և դարձել են օրենք:
«Ով է ասել, որ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները պիտի օրենք դառնան և մեծամասնությունը կողմ քվեարկի, տենց բան կա՞, ո՞վ ա ասել: Անգամ մեծամասնության բոլոր առաջարկները չեն դառնում օրենք, մեր պատգամավորները նախաձեռնություններ են ուղարկում, ստանում են բացասական եզրակացություն»- ասաց Արարատ Միրզոյանը ` նշելով, որ ոչ մեկին խորհուրդ չի տա անլուրջ վերաբերվել «Իմ քայլը» խմբակցությանը:
Անդրադառնալով «Արարատ ցեմենտ»-ի գործարանի խնդրին և այն հայտարարություններին, թե ցեմենտի հարցը քննարկելիս հանձնաժողովն առաջնորդվել է խնամի, ծանոթ, բարեկամ հանգամանքներով, Արարատ Միրզոյանը նշեց. «Այդ գործոնը մեր քաղաքականության մեջ բացարձակապես դեր չունի, չկա նման գործոն: Ո′չ ստուգումները, ո′չ տուրքի մասին փոփոխությունները պայմանավորված չեն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ չեղած քաղաքական հետապնդումներով: Եվ այն որ Գագիկ Ծառուկյանն է այդ գործարանի տերը, առավել ևս չի ազդել հանձնաժողովի առաջարկի և քննարկումների վրա»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան