Այս որոշման մեջ քաղաքական միտում կար.Գոռ Հովհաննիսյան
«Ես չգիտեմ ինձ չընտրելու պատճառը, միայն կարող եմ ասել, որ ես բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, բոլոր նախապայմանները բավարարել եմ»-հայտարարեց ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը` անդրադառնալով ընտրության բացասական արդյունքներին:
«Բոլոր դեպքերում ես կարող եմ ասել, որ խնդիրը, որը բարձրացվեց և այդքան քննարկվեց արհեստական էր: Այս որոշման մեջ բնականաբար քաղաքական միտում կար և խորհրդարանի ցանկացած որոշում քաղաքական որոշում է: Ես գրեթե համոզված եմ, որ իրականում ոչ ոք կասկած չուներ, որ ես բոլոր նախապայմանները բավարարում եմ: Ոչ ոք չէր ուզում ստուգել փաստաթղթերը: Ես ասում էի՝ ահա փաստաթղեթերը կան, ստուգեք, բայց ոչ ոք չէր ուզում ստուգել: Ինչը վերաբերում է այլ լեզվով փաստաթղթեր ստուգելուն, ապա ես ներկայացրեցի նաև թարգմանությունները, այդ խնդիրը ևս լուծված էր»,-ասաց Գոռ Հովհաննիսյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ի՞նչ տպավորություններով է հեռանում և ի՞նչ է պատրաստվում անել, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց․
«Ես Հայաստանում եմ գտնվում բացառության կարգով և ընդամենը երկու շաբաթով: Ես դասախոսում եմ Գերմանիայի մի քանի համալսարաններում և երկար բացակայության իրավունք չունեմ: Եթե ընտրվեի ՍԴ դատավոր, պիտի ժամանակ ստանայի, որպեսզի իմ կյանքը Գերմանիայում դադարեցնեի: Նորմալ տպավորություններով եմ հեռանում, այնպես չի, որ ես հստակ գիտեի, որ պիտի ընտրվեմ և անակնկալի եկա: Ես հնարավոր էի համարում ինչպես դրական արդյունք այնպես էլ բացասական»,-եզրափակեց Գոռ Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աժ պատգամավորների փակ քվեարկությունից հետո Գոռ Հովհաննսիյանը չընտրվեց ՍԴ դատավոր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան