Georgian Airways-ը Ռուսաստանից 40 հազար ուղեւորի Վրաստան կտեղափոխի Երեւանով
Վրաստան
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի թռիչքի տոմսեր ձեռք բերած ուղևորներին կառաջարկի Վրաստան հասնել այլընտրանքային՝ Թբիլիսի-Երևան- Մոսկվա թռիչքուղով: Ինչպես գրում է apsny.ge կայքը, այս մասին հայտնել է ավիաընկերության կոմերցիոն փոխտնօրեն Թամունա Թանդաշվիլին:
Նշենք, որ հուլիսի 8-ից ուժի մեջ կմտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը, որի համաձայն ռուսական ավիաընկերություններին արգելվում է օդային փոխադրումներ իրականացնել Ռուստաստանից դեպի Վրաստան: Նույն օրն ուժի մեջ կմտնի ՌԴ տրանսպորտի նախարարության՝ երկրի տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթները դադարեցնելու մասին որոշումը:
Թանդաշվիլիի խոսքով՝ հուլիսի 8-ից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթների տոմս է ձեռք բերել 40 000 մարդ:
«Մեր ավիաընկերությունը մեր գործընկեր հայկական ավիաընկերության հետ որոշել է համապատասխանաբար Երևանով անցնող այլընտրանքային թռիչքուղի առաջարկել»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ ուղևորները կկարողանան տոմսերը փոխել առանց հավելյալ վճարումների, ընդ որում՝ հուլիսի 8-ից օրական երկու անգամ Թբիլիսի-Երևան-Մոսկվա չվերթ կիրականացնի: Այլընտրանքային ճանապարհը ավիափոխադրողի ֆինանսական ծախսերը կմեծացնի 10-15%-ով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները սրվել էին հունիսի 20-ի իրադարձություններից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էր կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր: Բախումներից հետո 305 մարդ բերման էր ենթարկվել:
Ռուսական իշխանությունները, ռուս զբոսաշրջիկների անվտանգությունից ելնելով, անժամկետ արգելել էին երկկողմ չվերթները: Կրեմլից հայտնել են, որ թռիչքները կվերսկսվեն, երբ «Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը սպառնացող բոլոր գործոնները վերանան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան