Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները էապես նվազել են. մարզպետ
Հասարակություն
Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում նախորդ տարին, երկար տարիներից հետո առաջին անգամ, եղել է խաղաղ գյուղատնտեսական տարի. հակառակորդի կողմից բնակավայրերի ուղղությամբ կրակոցները էապես նվազել են: Մարզպետարանը բնակիչների անվտանգության ապահովման նպատակով արդեն իսկ նախաձեռնել է քայլեր:
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Կրակոցները գյուղերի վրա էապես նվազել են, որոշ գյուղերի դեպքում ընդհանրապես չեն եղել: 2019 թվականը միակ տարին է եղել, որ ամբողջ գյուղատնտեսությունն իրականացվել է անվտանգ՝ առանց որևէ կրակոցի: Անցյալ տարի առաջին անգամ երկար տարիներից հետո ունեցել ենք խաղաղ գյուղատնտեսություն՝ սահմանամերձ գոտում»,-ասաց մարզպետը։
Նա նկատեց՝ սակայն մարդիկ զգույշ են. այնպես չէ, որ բացարձակ համարձակ կերպով վտանգավոր վայրերում իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ: Մարզպետարանի նպատակներից մեկը պաշտպանիչ անտառաշերտերի հիմնումն է, որը հնարավորություն կտա գոնե ուղղակի դիպուկահարային տեսադաշտից հեռու պահել գյուղացիներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար: «Կառավարությանը ներկայացրել ենք նաև հատուկ ծրագիր՝ դաշտապաշտպան և անտառաշերտերի ստեղծման: Այս ծրագիրը հավանության է արժանացել, և հաջորդ տարի սահմանամերձ գոտում պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման մեծ ծավալի աշխատանք պետք է կատարվի»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում