«Ժողովուրդ». ԲԴԽ անդամ դառնալու համար կպայքարի 2 դատավոր
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ մարտի 13-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ կընտրվի ԲԴԽ անդամ, որը տեւական ժամանակ է՝ տեղի չէր ունենում:
Եվ ԲԴԽ անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներն են Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, էդգար Սեդրակյանը:
Սակայն դատական համակարգում տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ դատավորներից շատերը ինքնաբացարկ կհայտնեն եւ չեն լինի թեկնածուների շարքում, այդ թվում՝ պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, որը դեռ 2018 թվականին հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց:
Ինքնաբացարկներից հետո թեկնածուների թվում կմնա 9 դատավոր, սակայն, մեր տեղեկություններով՝ դատական համակարգում նախապատվություն են տալիս Սուրեն Անտոնյանին եւ Ստեփան Միքայելյանին, իսկ թե նրանցից ով շատ ձայն կհավաքի, պարզ կլինի մարտի 13-ին»: