«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի համար եկել է իշխանությունը վայելելու ժամանակը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար նույնպես քաղաքական ճգնաժամն անցյալում է, եկել է հետպատերազմական զրկանքներից հրաժարվելու եւ իշխանական հաճույքները վայելելու ժամանակը։ Օրերս Արցախի նախագահն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին եւ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ է հատկացրել, մինչդեռ, հիշեցնենք, պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին, որոշում էր կայացրել՝ հավաքագրել բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բոլոր թանկարժեք ծառայողական մեքենաները, աճուրդով վաճառել եւ ստացված գումարներն ուղղել պատերազմից հետո առկա սոցիալական անթիվ խնդիրների լուծմանը։
Ավելին, մարտին աճուրդի առաջին փուլն էր տեղի ունեցել, 6 ավտոմեքենա էին վաճառքի հանել, հավաքել էին նաեւ Թովմասյանի, ՊԲ հրամանատարի ավտոմեքենաները։ Իսկ հիմա ավելի թանկարժեք մեքենաներ են նրանց հատկացրել՝ Արզումանյանին տրամադրել են Տոյոտա Լենդ Կրաուզեր -200, իսկ Արթուր Թովմասյանին ԱԱԾ նախկին պետ Կամո Արզումանյանին, ապա պետնախարարին սպասարկող ծառայողական մեքենան են հատկացրել։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա պատերազմից հետո էլ առանձնապես խնայողությունների չի տրվել»: