«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց Ձորի և Տավուշի մարզեր
ՀասարակությունԱժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց Ձորի և Տավուշի մարզեր, որտեղ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։
Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում Գեղամ Մանուկյանը և Մհեր Սահակյանը երկրում ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ առանձնազրույցներ և քննարկումներ են ունեցել Ջերմուկ և Վայք համայնքների բնակիչների հետ։
Խմբակցության մի խումբ պատգամավորներ նույն ժամանակահատվածում այցելել են Տավուշի մարզ։ Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Արգիշտի Գևորգյանը և Քրիստինե Վարդանյանը այցելել են Նոյեմբերյան խոշորացված համայնքի գյուղեր, որտեղ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել համայնքների բնակիչների հետ։
Մարզային այցելությունները կրելու են շարունակական բնույթ։
Անդրադառնալով Տավուշ այցին պատգամավոր Գառնիկ Դավթյանը գրառում է կատարել․
«Հարգանքի տուրք մատուցեցինք 1991 թ․ մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին։ Այնուհետև այցելեցինք Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։ Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։
Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։ Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները։ Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։
Հարցի շուրջ մենք ևս հայտնեցինք մեր տեսակետը։
Այս և այլ հիմնահարցերի առավել մանրամասն կանդրադառնամ իմ առաջիկա հրապարակումներում»,- գրել է նա։