ՀՀ-ում Իրանի հյուսպատոսի հետ քննարկվել են ՔԿՀ-ներում պահվող իրանցի ազատազրկվածների պահման պայմաններին առնչվող հարցեր
ԻրավունքՀունիսի 13-ին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադտության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանն ու հյուպատոսարանի այլ ներկայացուցիչներ, տեղեկանում ենք ՔԿԾ մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց ընտանիքների հետ հեռախոսակապի ապահովմանը, հացադուլներին և առողջական խնդիրներին առնչվող հարցեր:
Հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բարձրացված հարցերը պատշաճ ուշադրության արժանացնելու, օտար երկրում նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև արտահանձնման գործընթացները ժամանակին կազմակերպելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծելու փորձի փոխանակման հնարավորություններ, որոնք կնպաստեն երկու հարևան երկրների՝ առավել համակարգված ոլորտային աշխատանքին: