ԱՄՆ-ում արհեստական միս կվաճառվի
ԱՄՆՀունիսի 21-ին USDA-ն լաբորատոր պայմաններում աճեցված (արհեստական) մսի վաճառքի համար թույլտվություն է տվել: Խոսքը Good Meat և Upside Foods-ի կողմից ստեղծված հավի մսի մասին է։ Սա ԱՄՆ-ում արհեստական մսի վաճառքի առաջին հավանությունն է։ Good Meat-ն ու Upside Foods-ը հայտնում է, որ նման մսի պատվերներ արդեն ստացել են Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի երկու ռեստորաններից։
Բուսական մսի տարբեր տեսակներ այժմ հայտնի են՝ որպես սովորական մսի փոխարինող: Այնուամենայնիվ, շատ ընկերություններ աշխատում են մեկ այլ տարբերակի՝ կենդանական բջիջներից լաբորատորիաներում աճեցված մսի վրա: Նման բջիջները ստացվում են, օրինակ, բիոպսիայով։ Այնուհետև դրանք տեղադրվում են բիոռեակտորում և սնվում սպիտակուցների, ամինաթթուների, հանքանյութերի, շաքարի, աղի և այլ սննդանյութերի խառնուրդով՝ դրանցից միս «աճեցնելով»։
Աշխարհում ավելի քան 100 ընկերություններ նման արտադրանք են մշակում։ Ըստ Grand View Research-ի տվյալների՝ 2022 թվականին այս շուկայի ծավալը կազմել է 247 միլիոն դոլար, իսկ McKinsey-ի կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տարիներին այն կարող է զգալի աճ գրանցել և հասնել 25 միլիարդ դոլարի։
ԱՄՆ-ն դարձավ երկրորդ երկիրը, որը արհեստական մսի վաճառքի թույլտվություն տվեց։ 2020 թվականին Սինգապուրը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն տվեց արհեստական մսի վաճառքին։ Նույն Good Meat ընկերությունը թույլտվություն ստացավ վաճառել նմանատիպ հավի միս։