Տեսչական մարմինը դադարեցրել է Ավանում գտնվող գազալցակայանի գործունեությունը
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները սույն թվականի օգոստոսի 15-ին հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 7 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում։
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են մարդկանց կյանքի և առողջության համար։
Հաշվի առնելով վերոգրյալը` Տեսչական մարմնի ղեկավարը գազալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել։
Անհատ ձեռնարկատիրոջ առջև գազալցակայանի պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։