ԱՄՆ-ն Գազայում վեցշաբաթյա զինադադարի ծրագիր է պատրաստում. Բայդեն
ԱշխարհՄիացյալ Նահանգները բանակցություններ է վարում Գազայի հատվածում առնվազն վեց շաբաթով զինադադարի շուրջ՝ որպես Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ավելի լայն գործարքի մաս, որը ներառում է նաև պատանդների ազատ արձակումը: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Վաշինգտոնում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք թե՛ Պաղեստինի, թե՛ Իսրայելի ժողովրդի խաղաղության, անվտանգության և արժանապատվության համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Ըստ Բայդենի՝ Գազայի հատվածում վեցշաբաթյա զինադադարը, որի վրա աշխատում է ԱՄՆ-ն, կարող է օգնել՝ մի կողմից, ազատ արձակել իսրայելցի պատանդներին, իսկ մյուս կողմից՝ մեծացնել մարդասիրական օգնության ծավալը Գազայի հատվածի բնակիչների համար։ Նման ժամանակավոր զինադադարը, ըստ Բայդենի, կարող է առաջին քայլը լինել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։
Բայդենը նաև կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին, որոնք պատսպարվել են Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող հարավային Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում: Միջազգային մարդասիրական կազմակերպությունների տվյալներով՝ վերջին օրերին ու շաբաթներին Ռաֆահում ապաստան է գտել մոտ մեկ միլիոն 300 հազար պաղեստինցի։