ՌԴ ՆԳՆ-ն Ռոսպոտրեբնադզորի հետ ստուգումներ է անցկացնում՝ «Ջերմուկ»-ի վաճառքը կասեցնելու համար
ՀասարակությունՌԴ ՆԳՆ աշխատակիցները Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչների հետ ռեյդեր են անցկացնում մանրածախ առևտրի կետերում՝ հանքային ջրի վաճառքը կասեցնելու նպատակով, որը խմելուց հետո Վլադիկավկազում տղամարդ է մահացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Ոստիկանության աշխատակիցները Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչների հետ առգրավել են խանութից հանքային ջրի ողջ խմբաքանակը և ուղարկել փորձաքննության։ Կնքվել է նաև արտադրողի պաշտոնական դիստրիբյուտորի պահեստը։ Ներկայումս գերատեսչությունները ռեյդեր են իրականացնում մանրածախ առևտրի կետերում, որպեսզի կասեցնեն այդ ապրանքների վաճառքը մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը»,- ասել է նա։
Իր հերթին «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
Հիշեցնենք՝ Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի առանձին խմբաքանակների իրացումը՝ անվտանգության ստուգման նպատակով:
Նշվում է, որ պատճառը Վլադիկավկազ քաղաքի բնակչի՝ կերակրափողի այրվածքներ ստանալն է: Գերատեսչության մամուլի ծառայության տվյալով՝ վաճառքի դադարեցումը կվերաբերի 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ տարածք ներմուծված՝ 0,5 լիտր ծավալով ապակե տարաներով փաթեթավորված ապրանքներին: