Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը
ՀասարակությունՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:
Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նախատոնակ, որից հետո կատարվեց տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո Սուրբ Գայանե վանքի Խորանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:
Նախատոնակից հետո հոգևորականների թափորն ուղղվեց դեպի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Հայոց Հովվապետի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Նորին Սրբությունը նաև հավատավոր հայորդիներին ընծայեց խաչեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ: