Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդգելդի Այազովին
ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդգելդի Այազովին:
Ողջունելով հյուրին, նախագահը նշել է, որ ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են և հույս հայտնել երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ:
Խոսքի մեկնարկին դեսպան Մուհամեդգելդի Այազովը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հրավերը՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին նշվող թուրքմեն մեծ բանաստեղծ և փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված պետական միջոցառումներին մասնակցելու համար:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև առկա գործընկերության ամրապնդման և նոր կապերի ձևավորման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը: