Ֆինլանդիան արգելել է երեխաներին անվանակոչել «Վոլդեմոր»
ԱշխարհՖինլանդիայի անունները հաստատող հանձնաժողովը ներկայացրել է գրանցման համար արգելափակված երեխաների անունների ցուցակը։ Նրանց թվում է «Վոլդեմորը», գրում են ԶԼՄ-ները։
Արգելքը պայմանավորված է տվյալ անուն-ազգանունների մասին Ֆինլանդիայի օրենքով: Ըստ այդմ՝ միայն այնպիսի տարբերակ կարող է հաստատվել՝ որպես անուն, որը վիրավորական կամ նվաստացուցիչ չի լինի երեխայի համար։ Հատուկ հանձնաժողովը գնահատում է՝ ծնողների տված անունը հետագայում երեխայի համար խնդիրներ կստեղծի՞ արդյոք, թե՞ ոչ։
Հավանաբար, հանձնաժողովը որոշել է, որ չար կախարդի անունը կարող է այլ մարդկանց կողմից բուլինգի կամ սխալ ընկալման պատճառ դառնալ։ Հանձնաժողովի ցուցակում կան ոչ միայն տարօրինակ կամ ակնհայտ վիրավորական անուններ, այլև բավականին սովորական թվացող անուններ։ Բացի Վոլդեմորից՝ արգելվել են նաև Ադեսա, Ասմոդեուս, Էլդորադո, Հիսուս, Սենատոր, Թեֆլոն անունները։