Պուտինն արձագանքել է Բայդենի՝ իր հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը վիրավորել է իրեն Ռուսաստանի համար «նախընտրելի» ապագա ԱՄՆ նախագահի մասին իր խոսքերի համար։ Բայց ռուսական պետության ղեկավարը նման հարձակումները համարում է միայն իր իրավացիության հաստատում։
«Մենք ձեզ հետ վերջերս խոսում էինք, և ինձ հարցրիք, թե ով է մեզ համար նախընտրելի որպես Միացյալ Նահանգների ապագա նախագահ։ Ես ասացի, որ մենք աշխատելու ենք ցանկացած նախագահի հետ, բայց կարծում եմ, որ մեզ համար՝ Ռուսաստանի համար, Բայդենն ավելի նախընտրելի է։ Եվ դատելով նրա հենց նոր ասածից, ես միանգամայն իրավացի եմ, քանի որ սա իմ կողմից ասվածի համարժեք արձագանքն է»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին։
Պուտինը նշել է, որ Բայդենը չէր կարող իրեն ասել. «Վոլոդյա, ապրես, շնորհակալություն, դու ինձ շատ օգնեցիր»։
«Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ ներքաղաքական տեսանկյունից, և այդ արձագանքը միանգամայն համարժեք է, ինչը նշանակում է, որ ես ճիշտ էի»,- եզրափակել է ՌԴ նախագահը։