Դա Ավինյանի լիազորությունն է, ես շատ փոքր եմ․ Բեգոյանը՝ ակցիայի մասնակիցներին
ՔաղաքականԱյսօր Լվովյան փողոցի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց կողմից ինքնակամ կառուցված տները առաջիկայում քանդելու որոշման դեմ։ Նրանք ցանկանում էին հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Սակայն բնակիչների հետ զրուցել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Երևանի ավագանու անդամներից մեկը դիմեց Բեգոյանին՝
«Պարո՛ն Բեգոյան, ձեր անունն են տալիս բնակիչները, ասում են ձեզանից շատ գոհ են, համեցեք»։
ՀՈԱԿ-ի տնօրենը բնակիչներին տեղեկացրեց, որ հարցն իր լիազորությունների սահմանում չէ, սակայն ամեն ինչ ներկայացված է վերադասին․
«Քաղաքապետարանը երևանցիներին պատկանող տարածքը վերադարձնում է երևանցիներին։ էդ ամեն ինչը քանդվելու է, դառնալու է հանրությանը։ Երևանի գլխավոր հատակագծով վաղուց դա Երևանի կանաչ տարածք է, ժամանակին այդտեղ բերրի հողեր են եղել, անտառ է եղել։
Այն անձանց, ովքեր իրապես տեղ չունեն և բնակվել են այդ փոքրիկ տնակներում՝ ինչ-որ մոտեցում ցույց է տալու քաղաքապետարանը, հաշվառվել են՝ ինչ ընտանիքներ կան, որոնք ապրում են այդտեղ»,- ասաց Բեգոյանն ու չշարունակելով վստահեցրեց՝ «Դա քաղաքապետի լիազորությունն է, ես շատ փոքր եմ»։
Բնակիչների հետ պայմանավորվեցին հինգշաբթի օրը հանդիպել։