Հանրապետության նախագահն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին:
Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Բուլղարիայի ժողովրդին:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային սերտ կապերի վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կալին Անաստասովը նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմաշերտ փոխգործակցության առաջմղման նպատակով քայլերի ակտիվացման շուրջ հարցեր:
Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խթանման հեռանկարներին:
Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ընդհանուր իրադրության և զարգացումների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ուղիով հաղթահարելու և հարևանների հետ հարաբերությունները բարիդրացիության սկզբունքների շուրջ ձևավորելու կարևորությունը: