ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց․ մենք հույսը պիտի դնենք մեր վրա․ Գագիկ Մելքոնյան
ՔաղաքականԱյսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ այսօր պետք է օգնել բանակին, որպեսզի ժամանակավոր պարտությունից հետո կարողանանք նորից ոտքի կանգնել և ինքներս լուծել մեր անվտանգության հարցերը․
«Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, որը, ինչպես տեսնում եք, տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր»,- ասաց նա։
Մելքոնյանի պնդմամբ՝ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, ոչինչ չի արել․
«Նաև մնացած մեր դաշնակիցները մեզ ոչ մի բանով չեն օգնել։ Երբ որ հակառակորդի զորքերը գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն չէր անում, որ ասենք՝ Ադրբեջանը իր զորքերով գտնվում է Հայաստանի տարածքում»,- վստահեցրեց պատգամավորն ու խոսքը շարունակելով՝ նշեց․
«Հիմա մենք հիմնականում պիտի հույսը դնենք մեր վրա, մեր ժողովրդի վրա, մեր երկրի սահմանները, մեր անվտանգությունը մենք պետք է պահենք, ապահովենք»։