ՀՀ «լամպուշկա» իշխանություններից պետք է պահանջել կալանքից ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին. Զոհրաբյան
ՔաղաքականԱյսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը: Այցին ընդառաջ մի խումբ քաղաքական, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող պատանդներին, գերիներին ու ռազմագերիներին, նաև ՀՀ բանտերում պահվող քաղբանտարկյալներին։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր հետ բերել է թուրքական արտադրության լամպ և հավելեց.
«Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որովհետև այս փարոսը լույս է տալիս և աշխատում է բացառապես Ադրբեջանի ու Թուրքիայի համար։ Քիչ անց ԱԳՆ կժամանի Եվրոպայի գլխավոր քարտուղարը, այն քարտուղարը՝ այն կառույցի, որտեղ նախկինում, եթե որևէ ընդդիմադիրի պրիչոսկան ծռվում էր, կամ գրիպ էր ընկնում, Եվրոպայի խորհուրդը հազարավոր հայտարարություններ էր տարածում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Խոսելով իրենց պահանջի մասին՝ ասաց․
«Պահանջում ենք, որ այստեղ ժամանեն ԵԽԽՎ ՀՀ-ի հարցով համազեկուցողները, ինչպես Ադրբեջանի մասով ամիսը մեկ հայտարարություն էր ընդունվում, որ այնտեղ քաղաքական բանտարկյալներ կան, մենք պիտի պահանջենք ԵԽ գլխավոր քարտուղարից, որ հրատապ կարգով բանաձև ընդունվի` պահանջելով ՀՀ ժողովրդավարության «լամպուշկա» իշխանություններին` կալանքից ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին»,-ասաց նա։