Խորհրդարանում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումների մասին:
Տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում հայ խորհրդարանականները կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը:
Կողմերը քննարկել են մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը: