Սյունիքի մարզի գյուղերից մեկում տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի ձիուն
ՀասարակությունԱպրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Էդվարդ Հ․-ն և հայտնել, որ գիշերը եղբոր ձիուն կրակելու միջոցով սատկացրել են։
Ոստիկաններին Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Արտյոմ Հ․-ն հայտնել է, որ ապրիլի 4-ի ժամը 00։30-ից մինչև ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Արարատ Կ․-ն կրակելու միջոցով սատկացրել է իր տան մոտ կապված իրեն պատկանող ձիուն:
Ժամեր անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ որի արդյունքում պարզվել է, որ Արարատ Կ․-ն նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում իր մոտ ապօրինի գտնվող «ԻԺ-18» տիպի 16 մմ տրամաչափի, մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սատկացրել է Արտյոմ Հ․-ին պատկանող ձիուն:
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։