Նոր կառուցվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ ապրիլի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:55-ի սահմաններում 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը կանչով մեկնել է Մալխասյանց փողոցի 6/1 հասցե, որտեղ շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոռեպորտաժ Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ս. Իսախանյանն ու պարեկ Վլադ Մկրտչյանը:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քնննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11:40-ի սահմաններում նշված բազմաբնակարանային կիսակառույց շենքի 7-րդ հարկից աշխատակիցը, ով Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ա.-ն է, անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: