Պետք է մեծ կարևորություն չտալ կրակոցներին. Հովիկ Աղազարյան
ՔաղաքականԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բրյուսելում կայացած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպմանը։
«Սա շատ կարևոր հարց է այն իմաստով, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, որ այդ հանդիպումից ակնկալիքներն ավելին էին, քան առաջարկված դրամական աջակցությունը, Աղազարյանն ասաց.
«Չեմ կարծում, որ այստեղ թվաբանությունը տեղին է, այստեղ կարևոր է քաղաքականությունը: Մյուս կողմից, ցանկացած արդյունքի դեպքում այն մարդիկ, որոնք չէին կարևորում այդ հանդիպումը, իրենց գնահատականը կարող են տալ: Ամեն մեկը թող մնա իր կարծիքին»:
Խոսելով հանդիպումից հետո հաջորդող ադրբեջանական վերջին սադրանքների մասին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը պատերազմական վիճակում է գտնվում Ադրբեջանի հետ և պարբերաբար արձանագրվում են հրադադրի խախտումներ.
«Այդպիսի բաներ տեղի կունենան՝ հետապնդելով տարբեր նպատակներ։ Հրադադարի վերահսկման գործընթացը շատ դժվար է, չնայած դիտորդներ կան։ Հետևաբար, այստեղ ինչ-որ իմաստով պետք է շատ մեծ կարևորություն չտանք: Ճիշտ է` վնասվել է բնակիչների ունեցվածքը, բայց, ցավոք սրտի, այդ իրողությունները շարունակական կլինեն»,- ասաց Աղազարյանը։