Հայաստանն ԱՊՀ արտգործնախարարների նիստում ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով
Արտաքին ՔաղաքականԱպրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը կներկայացվի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալի մակարդակով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բելառուսի արտաքին գործերի նախարարությունից։
«Մենք ակնկալում ենք արտաքին քաղաքական գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը, դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարությունը»,- հայտնել են նախարարությունից։
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ-ի գործունեության հրատապ հարցերը և նախանշել բազմակողմ փոխգործակցության ամրապնդման հեռանկարային ուղղությունները, «ամբողջությամբ ընթացքի մեջ են և գտնվում են ամենաակտիվ փուլում»։