Հութիները մոտ 30 մլն դոլար արժողությամբ ամերիկյան ԱԹՍ են խոցել
Քաղաքական«Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները Եմենի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտարարել է արմատական կազմակերպության ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք, երբ այն թշնամական գործողություններ էր իրականացնում Եմենի օդային տարածքում Սաադա նահանգի վրայով», - ասել է Սարիան հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ ապստամբներին հաջողվել է խոցել անօդաչու թռչող սարքը՝ օգտագործելով տեղական արտադրության «երկիր-օդ» հրթիռը։ Շարժման ներկայացուցչի խոսքով՝ սա հութիների կողմից ոչնչացված ամերիկյան յոթերորդ MQ-9 Reaper-ն է՝ տարածաշրջանում լարվածության սրումից հետո, որը հաջորդեց 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրմանը։
Ապրիլի 27-ին CBS-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը 2023 թվականի նոյեմբերից Եմենում կորցրել է երեք MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ յուրաքանչյուր սարքի արժեքը գնահատվում է 30 միլիոն դոլար։