Աշնանը Հայկ Մարությանի կուսակցությունը ընդդիմությունից անկախ գործողություններ կսկսի. «Ժողովուրդ»
Տեսանյութեր«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշնանը հայաստանյան քաղաքական դաշտում նոր ու հետաքրքիր վերադասավորումներ են սպասվում:
Ինչպես հայտնի է` ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերից վերսկսելու է փողոցային պայքարը. ակցիաներ ու հանրահավաքներ կլինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նորաստեղծ «Նոր ուժ» կուսակցությունը ընդդիմությունից առանձին եւս գործողություններ է մեկնարկելու:
Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանը, որն այս օրերին քաղաքական դաշտում չի երեւում, երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հազվադեպ է դիրքորոշում հայտնում, նախատեսում է սեպտեմբերից մարզեր այցելել իր թիմակիցներով հանդերձ ու հանդիպել բնակիչների հետ:
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց. «Սեպտեմբերից սկսելու ենք մարզերում մեր համախոհների հետ հանդիպել եւ կուսակցությունը զարգացնել:
Հայկ Մարությանն էլ կմասնակցի այդ հանդիպումներին, նոր մարդկանց կներգրավենք, մարզային կառույցներ կստեղծենք»:
Հարցին, որ սեպտեմբերից ընդդիմադիր «Սրբազան շարժումը» եւս վերսկսելու է ակցիաները, իրենց ուժն արդյոք աջակցելո՞ւ է շարժմանը, մասնակցելո՞ւ են հանրահավաքին՝ Գրիգոր Երիցյանն ասաց.
«Այս մասին խոսել ենք, մենք ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում ենք արտահերթ ընտրություններով, մեզ համար հստակ է, որ այդ շարժման անդամները մտադիր չեն արտահերթ ընտրությունների գնալ, բացի սրանից` շարժման մեջ կան մարդիկ, ովքեր մեզ համար անընդունելի են»:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 1-ին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։