Հիասթափված եմ Վրաստանի կառավարությունից. Բայդեն
ՀասարակությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Վրաստանի կառավարությանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ՝ արտահայտելով ԱՄՆ-ի «անսասան» աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Այս օրը մենք հիշում ենք Ռուսաստանի դաժան ներխուժման հետևանքով սպանվածներին, վիրավորներին և ներքին տեղահանվածներին, ինչպես նաև ականատես ենք լինում Կրեմլի մշտական փորձին՝ ուժեղացնելու իր գերիշխանությունը օկուպացված շրջանների վրա տեղի բնակչության հաշվին։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր ջատագովը։
Միացյալ Նահանգները ողջունում է վրաց ժողովրդի անդրդվելի հավատարմությունը ժողովրդավարական ապագային։ Հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, որոնց օրինակներից է կրեմլյան «օտարերկրյա գործակալների» օրենքը և վրացի պաշտոնյաների կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին: Չնայած այս քայլերին՝ մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին»,-ասվում է Բայդենի նամակում։