Ինչ կտա Վրաստանից Հայաստան ձգվող նոր կառուցվող ճանապարհը Հայաստանին
ՏեսանյութերՎրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը: Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է ենթակառուցվածքային լայնածավալ նախագիծ՝ Ռուսթավի-Սադախլո չորս երթևեկելի գոտիով նոր մայրուղու կառուցումը, որը Հայաստանը կկապի միջազգային E60 մայրուղուն։
Նշվում է, որ էկոնոմիկայի նախարարությունն արդեն հրահանգել է այդ նպատակների համար Մառնեուլիի շրջանում սեփականատերերից օտարել հողատարածքներ։
Նախագիծը, որը գնահատվում է 250 մլն եվրո, ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհի զարգացման վարկային համաձայնագրի մաս։ Մոտ 30 կիլոմետր երկարությամբ նոր երթուղին կանցկացվի գործող ճանապարհին զուգահեռ և կներառի 11 կամուրջ:
Այս շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար։ Նոր ճանապարհը Հայաստանին կտրամադրի.
ուղիղ միացում միջազգային արագընթաց E60 մայրուղու հետ,
եվրոպական Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու նախագծի մաս անուղղակիորեն դառնալու հնարավորություն,
հոծ տրանսպորտային միջանցք Վրաստանի տարածքով:
Երկու երկրների համար այս նախագծի կարևորությունը դեռևս 2021 թվականին ընդգծել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն՝ դա անվանելով բեկումնային թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար։