Մոսկվան պատրաստ է` շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին. Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ԲլոգոսֆերաՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ղեկավարները գոհունակություն են հայտնել Պուտինի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի արդյունքներից, ասվում է զեկույցում։
«Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը»,- նշել են Կրեմլում։
Կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։
«Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել երկու կողմերին՝ իրավիճակի կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում»,- ասվում է զեկույցում։