Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները
ԲլոգոսֆերաՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթեցվել հայտնի սրճարաններից մեկի մոտ, որտեղ ֆուտբոլասերները դիտում էին 2024 թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղն Իսպանիայի և Անգլիայի միջև։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, 20 մարդ վիրավորվել է։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Շաբաբ» ջիհադիստական խմբավորումը։
Ըստ ականատեսների՝ պայթյունի պահին սրճարանը լիքն է եղել, որոշ մարդիկ նստած են եղել դրսում՝ մայթին։
Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մի քանի մեքենաներ և շենքեր։
«Ալ Շաբաբ» խմբավորումը, որը «Ալ Քաիդա» խմբավորման մասն է կազմում, ըստ տեղեկությունների, հայտնել է, թե թիրախավորում է վայրը, որտեղ գիշերը հավաքվում են անվտանգության և պետական աշխատողները։
Ջիհադիստական խմբավորումը վերջին 17 տարիների ընթացքում բազմաթիվ ռմբակոծություններ է իրականացրել Մոգադիշոյում և Սոմալիի այլ քաղաքներում։ Վերջին ամիսներին, սակայն, իրավիճակն ավելի հանգիստ էր, քանի որ Սոմալիի անվտանգության ուժերը գործողություններ էին ձեռնարկում խմբավորման դեմ, որը դեռ վերահսկում է երկրի շատ հատվածներ։