«Գոյ» թատրոնի աշխատակիցները ԿԳՄՍ նախարարության հետ եկել են ընդհանուր հայտարարի. թատրոնն, ամենայն հավանականությամբ, կդառնա անկախ. Արզումանյան
ԲլոգոսֆերաԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի աշխատակիցներին ուղարկված աշխատանքից ազատվելու մասին նամակները բնական իրավական ընթացակարգի մաս են կազմում, ոչ մի զավեշտալի բան տեղի չի ունեցել։ «Փաստինֆո»-ին ասել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի ղեկավար Սարգիս Արզումանյանը՝ նշելով, որ «Գոյ » թատրոնի աշխատակիցները չեն համաձայնել դառնալ Սունդուկյան թատրոնի աշխատակից։
Ս. Արզումանյանի փոխանցմամբ՝ ներկայումս ընթացքի մեջ են «Գոյ» թատրոնի կողմից նախաձեռնված մեկ դատական գործ, որով վիճարկում են ՀՀ կառավարության 701 որոշումն ու պետռեգիստրով գրանցելու որոշումը։
Հիշեցնում են, որ ՀՀ կառավարության որոշմամբ « Գոյ» թատրոնը լուծարվել է և միավորվել Սունդուկյան թատրոնի հետ։ Սարգիս Արզումանյանը տեղեկացրեց, որ բանակցությունները ԿԳՄՍ նախարարության հետ կարծես տվել են արդյունք։ Այն է՝ կորցնելով ՊՈԱԿ-ի կարգավիճակը, այնուամենայնիվ, «Գոյ» թատրոնը չի լուծարվում, դառնում է անկախ թատրոն և մեկ այլ բանակցություններ ընթացքի մեջ են, որ տարածքը լինի նույնը։ Արզումանյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարի հետ համաձայության են եկել, որ կլինի նաև պետական աջակցություն։