Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք ուղղել տեղահանված արցախցիների հիմնադրամին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումն ունի Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։
«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների։ Մենք պետք է ապահովենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և արցախցիները փոխհատուցումներ ստանան իրենց հսկայական կորուստների դիմաց։ Իմ նախագիծը կապահովի արդարություն և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ»,-հայտարարել է Ադամ Շիֆը։
«Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին՝ ձգտելով համապատասխան ԱՄՆ նախագահի լիազորություններին՝ բռնագրավել ադրբեջանական ակտիվները և դրանք փոխանցել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունների համար արդարադատություն ապահովելու համարձակ նախաձեռնությանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ազգային խորհուրդը, տարածաշրջանային մարմինները և տեղական մասնաճյուղերը հպարտ են, որ սատարում են Ադամ Շիֆին՝ մեր համայնքի երկարամյա բարեկամին, Կալիֆորնիայից ԱՄՆ Սենատի անդամի համար նրա պայքարում և խրախուսել «Ոսկե նահանգի» ամերիկահայերին քվեարկել և կամավորագրվել նրա քարոզարշավին»,-ասել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։