Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութել
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս տեղի ունեցած ՔՊ վարչության նիստում որոշել են, որ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը պետք է հրաժարական ներկայացնի։
Քաղաքական իշխանությունը բացահայտել է, որ ՔՊ-ական քաղաքապետը հայրենի ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է եղել։
Ավելին, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, Հակոբջանյանի հրաժարականի հարցը բարձրաձայնել է նույն մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը։
Նկատենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերով անցնող Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն նշանակել էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև նույն մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, ով հորդորեց մեզ գրավոր հարցում ուղարկել։