Քայլելով այսօրվա վրայով՝ կերտեցիր երկրիդ ՎԱՂԸ
Հայաստան
Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե իր սպառազեն բռունցքին, այլ ներքին գերազանցությանը։
Քո ներքին գերազանցությունն օգնեց քեզ, որ հաղթես, հաղթես մի ազնվագույն կռվում, որը կոչվում է «Գոյության պայքար»։ Անկոտրում է քո հոգին։
Դու պատերազմում էիր այնպես, որ չամաչես քո տարած հաղթանակից. քեզ այդպես էր պատգամել քո հզոր հայորդին, որ իր արյամբ մարտնչում էր ու ոգեշնչում քեզ էլ ավելի խիզախորեն մարտնչել։ Դու պատերազմեցիր այնպես, որ սերունդներդ ոգևորվեն այդ հաղթանակով, որ այլևս ոչ մի ոսոխի առաջ չխոնարհվի ոչ մի հայորդու գլուխ։
Մի՛, մի՛ սպանիր թշնամուդ անգամ, եթե կարելիություն կայ սպանելու նրա մարտունակությունը, կռիվը շարունակելու նրա ցանկությունը:
Ոսոխը գալիս էր անմռունչ, գազանաբար, արնախում տենդով, դու պարում էիր, երգում՝ վստահ ուժերիդ։
Դու գիտեիր, որ հաղթելու ես, հաղթելու ես, քանի որ քեզ վիճակված չէ վերանալու տխուր ճակատագիրը, որ Աստծո աջը քո գլխին է, քանի որ դու անիրավ չես։ Նա կրակում էր, դու՝ պարում, քո պարն այնպիսին էր, որ ողջ աշխարհն իմացավ, որ անկոտրում է քո ոգին, որ չի ծալվի քո ոտքը, որը պարում է, որ չի ծալվի քո ձեռքը, որը, բռունցք արած, գովերգում է իր հայրենիքը, որ չի լռի քո ձայնը, որից որ հաղթանակի երգն է հնչում էլ ավելի հաղթական ելևէջներով։
Կռվում ճանաչի՛ր մի հատիկ սահման՝ անկարելի՛ն:
Դու չճանաչեցիր անգամ անկարելին, գնացիր անկարելիից այն կողմ, մինչև վերջ, դու եկար, հասար մինչև այսօր, դու անգամ քայլեցիր այսօրվա վրայով, քանի որ քո կռվով կերտեցիր քո երկրի ՎԱՂ-ը։


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ