ՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները»
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայկ Կոնջորյանի եղբորի նկատմամբ բռնության դեպքին՝ հայտարարելով, որ ինքը և իր գործընկերները դատապարտում են ցանկացած բռնություն, այդ թվում՝ ֆիզիկական բռնությունը։
«Գործը գտնվում է նախաքննական մարմնի վարույթում։ Անկախ դատաիրավական համակարգը կքննի բոլոր հանգամանքները, և պարզ կդառնա, թե ով ինչ պատասխանատվություն է կրում»,- նշել է պատգամավորը։
Հակոբյանի խոսքով՝ ինքը տեսել է համացանցում տարածված բռնության տեսանյութերը և դրանք համարում է անընդունելի։
«Տեսել եմ այդ զազրելի կադրերը, թե ինչպես են մի քանի հոգով բռնություն կիրառում մեկ անձի նկատմամբ, և խստորեն դատապարտում եմ նման երևույթները։ Միաժամանակ դատապարտում եմ նաև այն դեպքերը, երբ մարդիկ թիրախավորվում են միայն այն պատճառով, որ պաշտոնատար անձանց հարազատներ են»,- ասել է նա։
Պատգամավորը շեշտել է, որ դեմ է պաշտոնյաների ընտանիքի անդամների թիրախավորմանը՝ անկախ քաղաքական կամ այլ հանգամանքներից։
Անդրադառնալով հարուցված քրեական վարույթին՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ տեսել է բռնության տեսագրությունները, սակայն չի տեսել հայհոյանքների վերաբերյալ կադրերը։ Այդուհանդերձ, նրա խոսքով, և՛ հայհոյանքը, և՛ բռնությունը հավասարապես դատապարտելի են։
Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանի եղբորի նկատմամբ բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գործի շրջանակում հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մեղադրյալներից Նաիրի Հակոբյանը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան