ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում․ հայտնի է դարձել այցի հնարավոր նպատակը
ԱՄՆ
Օգոստոսի 25-ի առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Flightradar-ի տվյալներով՝ RCH4555 բորտային համարով ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Ռիգայից։ Երկու օր առաջ այն Լատվիա էր մեկնել ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Էնդրյուս ռազմաբազայից։
Առայժմ ո՛չ ամերիկյան, ո՛չ ռուսական կողմը պաշտոնապես չի հայտնել ինքնաթիռի Մոսկվա ժամանելու նպատակը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի այդ թռիչքի վերաբերյալ՝ հավելելով, որ այս շաբաթ Կրեմլում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումներ նախատեսված չեն։ Միևնույն ժամանակ ռուսական լրատվամիջոցները նշում են, որ C-17 ինքնաթիռները կարող են օգտագործվել նաև դիվանագիտական և կառավարական փոխադրումների համար։
Լրագրող Քսենիա Սոբչակը ենթադրել է, որ ինքնաթիռը կարող էր ժամանել Ռուսաստանում հինգ տարվա ազատազրկման դատապարտված ԱՄՆ քաղաքացի Չարլզ Ուեյն Զիմերմանին տեղափոխելու նպատակով։ Վերջինս դատապարտվել էր իր զբոսանավում զենք և զինամթերք պահելու համար։ Ըստ «Осторожно Media»-ի աղբյուրի՝ այս ամռանը Զիմերմանին գաղութում առաջարկվել էր ստորագրել ներման խնդրագիր, որը հետագայում ուղարկվել է Մոսկվա։
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկն իր հերթին Boeing C-17-ի ժամանումը «վատ նշան չէ» որակել։ Նրա ենթադրությամբ՝ թռիչքը կարող է կապված լինել ռազմական հարցերի կամ նախնական բանակցությունների հետ, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական հաստատում առայժմ չկա։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել