«Խաղահրապարակը խաղաղության նշան է»․ Փաշինյանը՝ սահմանամերձ Ներքին Հանդի մասին
Քաղաքական
Կառավարության նիստում, ներկայացնելով հրատապ ծրագրերով ֆինանսավորվող համայնքային աշխատանքների ցանկը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրում նախատեսվող խաղահրապարակի կառուցման ծրագրին։
«Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներ»,- կարդաց վարչապետը՝ անդրադառնալով ծրագրին։
Փաշինյանը նշեց, որ Ներքին Հանդում արդեն հասել են խաղահրապարակ կառուցելու փուլին՝ հիշեցնելով, որ նախկինում գյուղում իրականացվել են նաև տների տանիքների վերանորոգման աշխատանքներ։ Նա նաև կարծիք հայտնեց, թե գյուղում խմելու ջրի ծրագիր է իրականացվել, սակայն Սյունիքի մարզպետը ճշտեց, որ այդ ուղղությամբ առայժմ միայն նախագիծ կա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է կառուցել մոտ 20x30 մետր չափերով արհեստական խոտածածկով խաղահրապարակ։
«Դա նշանակում է, որ Ներքին Հանդում երեխաներ են ապրում»,- արձագանքեց վարչապետը։
Խուդաթյանը հիշեցրեց, որ խաղահրապարակի կառուցման խոստումը տրվել էր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ գյուղ կատարած այցի ընթացքում։
Փաշինյանը կարևորեց այն հանգամանքը, որ հենց Ներքին Հանդի բնակիչներն են խնդրել իրենց գյուղում խաղահրապարակ կառուցել։
«Երբ ասում ենք՝ խաղաղությունը կա՞, թե՞ չկա, խոսքը հենց նման բաների մասին է։ Դա նշանակում է, որ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են իրենց երեխաներին թողնել, որ գնան խաղահրապարակում խաղան, այսինքն՝ չունեն այդպիսի մտավախություններ։ Իհարկե, այնտեղ սահմանազատում դեռ չի իրականացվել, կան տարբեր հարցեր, բայց սա կարևոր ազդակ է»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ հանրային ուշադրությունն այժմ կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վրա, որը վավերացվել է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և ունի պարտադիր իրավական ուժ։
«Ես չեմ հիշում, որ նախկինում «Ներքին Հանդ» անունը հնչեցրած լինեինք խաղահրապարակի կառուցման համատեքստում»,- եզրափակեց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել