Հատված՝ «Հայաստանի պատմություն» դասագրքից, տասը տարի անց. Հրանուշ Խառատյան
Բլոգոսֆերա
2013թ. Հանրապետական կուսակցությունը և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը համոզիչ հաղթանակ տարան ԱԺ և ՀՀ նախագահի պաշտոնի ընտրություններում: Հայաստանի բնակչությունը մեծ խանդավառությամբ ողջունեց երկիրը վճռականորեն զարգացման ուղով տանող կուսակցությանն ու նրա առաջնորդին: Նորընտիր խորհրդարանի անդամները լրջագույն որոշումներ կայացրին մանր ու միջին բիզնեսն ազատականացնելու և Հայաստանի արդյունաբերական զարգացումը նոր բարձունքների տանելու ուղղությամբ:
Մասնավորապես լիովին հաղթահարվեց առևտրային տնտեսությունների խոչընդոտները: Հայաստանի զարգացման գործում աննախնթաց հաջողություններ ունեցավ հատկապես ԱԺ պատգամավոր, Հայաստանի զարգացմանն անմնացորդ նվիրված, ՀՀ նախագահի հետ ուս-ուսի տված բոլոր խոչընդոտները հաղթահարող Սամվել Ալեքսանյանը: Ահդ տարի, սեպտեմբերի երեքին, Հայաստանի հանրապետությունը վերջնականապես իմասոտւն և ողջամիտ որոշում կայացրեց Հայաստանի անշրջելի զարգացման ապագայի մասին: Դեռ նախընթաց տարիներին ակնհայտ էր դարձել, որ Հայաստանի զարգացման միակ ընտրությունը հզոր Ռուսաստանի Դաշնությունն է, և 2013թ. հայտարարվեց «հավերժ Ռուսաստանի հետ» քաղաքական ընտրությունը:
Որոշ անխոհեմ անձիք, եվրո-ամերիկյան քարոզչության ազդեցության տակ, փորձեր արեցին ձախողել Հայաստանի նախագահի այս իմաստուն որոշումը, սակայն ՀՀ քաղաքական իշխանությունը վճռականորեն արմատախիլ արեց ՀՀ ճակատագրին ազդելու այս անխոհեմությունը՝ առաջնորդվելով բացառիկ սառնասրտությամբ ու երկրի լուսավոր ճակատագրին հիրավի անմնացորդ նվիրվածությամբ:
Հատված «Հայ ժողովրդի պատմություն» դասագրքից, տաս տարի անց:
Այլ տարբերակ՝ 2013թ. Հայաստանի հասարակությունը հերթական անգամ ականատես եղեվ ԱԺ և ՀՀ նախագահի պաշտոնի ընտրությունների կեղծմանը: Հերթական անգամ իշխանությունը զավթած քաղաքական ռեժիմը ոչ միայն մտադիր չէր Հայաստանի կառավարման որակում ժողովրդավարական բաղադրիչ մտցնել, այլև ակնհայտորեն իշխանությունը շարունակում էր օգտագործել մասնավոր շահերի համար: Հայաստանում հարստահարություններից, անօրինականություններից, երկրի բոլոր ազգային հարստությունները փոշիացնելուց, աղքատության ահագնացումից, արտագաղթի անհավատալի չափերից, քրեական տարրերի անպատիժ հանցագործություններից, Հայ ժողովրդի ստեղծած հոգևոր և նյութական մշակութային արժեքների չդադարող ոչնչացումից, կրթության որակի անկումից, Հայաստանի ողջ տնտեսությունը մեկ տասնյակ առևտրականների ձեռքին կենտորանցումից, ամենօրա թանկացումներից, մանր ու միջին տնտեսվարողներին առաջադրված նոր խոչընդոտներից հուսահատված և այլևս իր արժանապատվության ամենօրյա նվաստացումը չհանդուրժող հասարակությունը ոտքի կանգնեց՝ իր հայրենիքն ու իրենց ընտանիքները առկա քաղաքական ռեժիմից փրկելու վճռականությամբ:
Դանակը հասել էր ոսկորին: Հասարակությունն օրեցօր կորցնում էր անկախության բոլոր ձեռքբերումները՝ ազգային արժանապատվություն, ինքնիշխանություն, մարդու պարզագույն իրավունքների իրացման հնարավորություն, իր հայրենիքում արարելու, ստեղխելու, վաստակելու հնարավորություն, նույնիսկ տեղաշարժման հնարավորությունը՝ տրասպորտի գների բարձրացման հետևանքով: Օրախնդիր էր նույնիսկ օրվա հացն ունենալու հնարավորությունը: Հայաստանի նվազող բնակչության բացարձակ մեծամասնությունն ապրում էր արտագաղթողների կողմից ուղարկվող միջոցնելով, որոնք ի վերջո համալրում էին մի խումբ մարդկանց կուտակվող հարստությունը: ԶԼՄ-ները, կայքերը, սոցցանցերը լեցուն էին հանցագործությունների մասին հաղորդումներով, անօրինական դատական որոշումների դեմ դժգոհություններով, հանրային առաքինության ու բարոյականության վրա ազդող գործողությունների նկարագրություններով ու քննադատություններով: Լֆիկ, Լիսկա, Նեմեց և իշխանության այլ մականունավոր ներկայացուցիչներ շարունակում էին Հայաստանի ազգային հարստությունը և «մարդկային ռեսուրսները» իրենց մասնավոր տնտեսությանը ծառայեցնել: Երկրում «մարդ», «քաղաքացի» բառերը փոխակերպվել էին «ընտազանգված», «ռեսուրս» բառերով:
Կառավարության բոլոր նիստերն ուղեկցվում էին իրենց բնակարանները կորցրած, իրենց զոհված հարազատների համար արդարադատություն պահանջող, պարզապես ապրելու հնարավորություն պահանջող քաղաքացիների բողոքներով: ՀՀ նախագահի կեղծված ընտրություններից հետո բարձարացել էր գազի գները, մթերքների գները: ՀՀ քաղաքացու թոշակը չէր բավարարում նույնիսկ դեղորայքին: Այս իրավիճակում ՀՀ ԱԺ-ն որոշում կայացրեց ՀՀ պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու մասին: ՀՀ քաղաքացիներից նրանք, ովքեր դեռ ամբողջովին չէին կորցրել արժանապատվության զգացումը և իրենց մեջ դեռևս ուժ էին գտնում մտածելու հայրենիքի և մարդկային իրավունքների մասին, ոտքի կանգնեցին և կարողացան փոխել իշխանությունը /տարբերակներ՝ ձևավորել նոր իշխանություն, հեղաշրջում արեցին, հասան իշխանության հրաժարականին/: Հայաստանը կրկին մտավ անցումային փուլ, սակայն փորձով իմաստնացած ժողովուրդը լրջորեն վերահսկում է իշխանության գործառույթների իրականացումը:
Հատված՝ «Հայաստանի պատմություն» դասագրքից, տաս տարի անց:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն